Երևանի քաղաքապետարանի ավագանին հաստատել է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ հաստատված փաստաթղթի՝ քաղաքի եկամուտները կկազմեն 151.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 156.8 մլրդ դրամ։ Այսպիսով, 2026 թվականի բյուջեն կառաջացնի 5.3 մլրդ դրամի դեֆիցիտ։
Համեմատության համար նշեմ, որ 2025 թվականի բյուջեն ի սկզբանե հաստատվել էր 159.4 մլրդ դրամով, իսկ ճշտված տարբերակը կազմել էր 156.8 մլրդ դրամ։ 2024 թվականի փաստացի ցուցանիշը կազմել էր 116.7 մլրդ դրամ։
Եկամուտների ընդհանուր ծավալի նվազման պատճառը պետական բյուջեից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար ստացվող միջոցների նվազումն է։
Հակառակ եկամուտների ընդհանուր ծավալի նվազմանը, բյուջեի նախագծում նշվում է, որ սեփական եկամուտների աճը պահպանվում է։ 2026 թվականի նախատեսված սեփական եկամուտները կկազմեն 94.9 մլրդ դրամ՝ 2025 թվականի նախատեսվածից 5.2%-ով ավելի, և 2024 թվականի փաստացի սեփական եկամուտներից 33.3%-ով ավելի։ Այս տվյալները ներկայացված են բյուջեի ուղերձում և պատկերազարդված են գծապատկերով, որը ցույց է տալիս Երևանի սեփական եկամուտների աճի դինամիկան 2022 թվականից սկսած։