ՀՀ Արդարադատության նախարարությունը մշակել է առաջարկություն, որը նպատակ ունի ապահովելու անազատության մեջ գտնվող անձանց, մասնավորապես՝ տնային կալանքի պայմաններում, կրթության իրավունքը։
Ըստ ներկայիս օրենսդրության՝ Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ տնային կալանքը մեղադրյալի ազատության սահմանափակում է, որի պայմաններում նա պարտավոր է չլքել դատարանի որոշմամբ նշված բնակության տարածքը։ Դատարանը կարող է նաև սահմանել այլ սահմանափակումներ, այդ թվում՝ արգելել նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները և օգտվել հաղորդակցության այլ միջոցներից, ինչպիսիք են փոստային առաքանուցները։
Առաջարկության մեջ նշվում է, որ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է յուրաքանչյուր անձի կրթության իրավունքը։ Գործնականում, ներկայիս օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով տնային կալանքի պայմաններում գտնվող անձանց կրթության իրավունքի պատշաճ իրացումը հնարավոր չէ։
Նախարարությունը առաջարկում է օրենսգրքում կատարել լրացում, որը կներառի նոր դրույթ։ Ըստ այդ դրույթի՝ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել այն դեպքերի վրա, երբ անձը շարունակում է իր կրթությունը հեռավար (դիստանցիոն) կարգով՝ կրթական ծրագրերի շրջանակում։
Այս լրացումը նպատակ ունի համաձայնեցնելու ներկայիս օրենսդրությունը Սահմանադրական սկզբունքների հետ և ապահովելու անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի, պատշաճ իրականացումը։