Հայաստանը երաշխավորում է Իրանի դեսպանության անվտանգությունը և բնականոն գործունեությունը

Հայաստանի Հանրապետությունը հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները երաշխավորում է։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարություններին։

ՀՀ-ն իրականացնում է այս երաշխավորումը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» և միջազգային, ինչպես նաև երկկողմ այլ պարտավորությունների շրջանակում։

Նախարարությունը նշում է, որ խնդրո առարկայի շուրջ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ առկա է մշտական աշխատանքային կապ։

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հստակեցնում է, որ բոլոր հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով։ Դրանք ապահովվել են ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։

Հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, ենթարկվել է վարչական ձերբակալման։

ՆԳՆ-ն հայտնում է, որ շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։

ՀՀ-ն, որպես ժողովրդավարական պետություն, պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի և խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացումը՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։