Հայաստանի Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Այս օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել պետության և հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները։
Հիմնական զեկուցող Թագուհի Ղազարյանը ներկայացրեց, որ առաջարկվող փոփոխությունները բխում են հուշարձանների նկատմամբ վարած պետական քաղաքականությունից։ Ըստ նրա՝ օրենքի նոր խմբագրությամբ կապահովվի հնարավորություն Կառավարությանը համաձայնություն տալու կամ մերժելու գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքները։ Այս մոտեցումը հիմնավորվում է պաշտամունքային կառույցների առանձնահատկություններով և դրանց ինքնատիպությամբ։
Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշեց, որ Կառավարությունը ներկայացված օրենսդրական փաթեթի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի՝ հավելելով, որ այն տրամաբանական շարունակությունն է գործող օրենքներում առկա կարգավորումների։
Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն և առաջարկվել է ներառել ԱԺ-ի 11-րդ նստաշրջանի և առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում։