ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստ

Հունվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստ, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Նիստին ներկայացել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանի կառավարության կողմից հաստատված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գործողությունների երրորդ ազգային ծրագրի վրա։ Նա նշել է, որ այս ծրագը հանրապետության կողմից ընդունված պարտավորությունների կոնկրետ և հստակ արտահայտումն է՝ ուղղված գենդերային հավասարության խթանմանը և կանանց իրավունքների պաշտպանությանը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը անդրադարձել է նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման նպատակով ստեղծված ազգային մեխանիզմի կարևորությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է ակտիվ և կառուցողական համագործակցություն մարդու իրավունքների ոլորտում միջազգային մեխանիզմների և մարմինների հետ՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ տարածաշրջանային կառույցների շրջանակներում։

Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է առաջիկա գործընթացները՝ կարևորելով 2026 թվականի առաջին կիսամյակում նախատեսվող երկու միջազգային մոնիտորինգային մարմինների այցելությունները Հայաստան։ Նա ընդգծել է, որ այս այցելությունները կօգնեն գենդերային հավասարության ոլորտում քաղաքականության կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման գործում։

Խոսքի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին։ Ընդգծվել է, որ համաժողովի նախապատրաստության ընթացքում առանցքային նշանակություն ունի կանանց և աղջիկների լիարժեք ներգրավվածությունը՝ որպես Հայաստանի կայուն և ներառական զարգացման անբաժանելի բաղադրիչ։