Եգիպտոսում կայացել է Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստը

Եգիպտոսում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը։

Հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ եգիպտական կողմը՝ պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Ալ-Մաշատը։

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Կողմերը անդրադարձել են մի շարք կարևոր ոլորտների հնարավորություններին՝ ներառյալ առևտուրը, ներդրումները, ներմուծումն ու արտահանումը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, լոգիստիկան և զբոսաշրջությունը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջարկված երկու կարևոր նախաձեռնություններ՝ «Խաղաղության խաչմերուկը» և TRIPP-ը։ Նա ընդգծել է այդ նախագծերի կարևոր դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը՝ ամփոփելով քննարկված հարցերը և սահմանելով հետագա համագործակցության ուղղությունները։