Քարոզարշավի մեկնարկը՝ Սյունիքից, իշխանության հաշվարկներով

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց երեկ՝ իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Քարոզարշավի առաջին կանգառը դարձավ Հայաստանի հարավային մարզը՝ Սյունիքը, որը վերջին տարիներին անվտանգային առումով ամենախոցելի տարածաշրջաններից մեկն է։

Քարոզարշավի կազմակերպիչները, որոնց շարքում էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը եւ տեղի մի քանի չինովնիկ, փորձում էին հավաքագրել հնարավորինս շատ մասնակիցներ։ Սակայն, ինչպես տեղեկացվում է, Սիսիանի կենտրոնական հրապարակում հանրահավաքին ներկա էին հիմնականում պետական ապարատի աշխատակիցներ եւ մի քանի տասնյակ կենսաթոշակառու։

Փաշինյանի այցը ոչ այնքան ուղղված էր բնակիչների խնդիրները լսելուն, որքան նրանց համոզելուն, թե ինչ լավն են ինքն ու իր թիմը։ Օրինակ, անգեղակոթցիներին նա կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց․ «Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնեւն է ասֆալտ արել, մեկ՝ ես»։ Նա համայնքից համայնք շրջելով բնակիչներին հիմնականում նույն հարցերն էր ուղղում՝ թոշակների մասին, անկանխիկ առեւտուրի եւ առողջապահության ապահովագրության հարցում։

Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը բացահայտ քարոզում էր ադրբեջանցիների հետ հարաբերությունների բարելավման եւ նույնիսկ քիրվայության գաղափարը։ Նա հարցրեց անգեղակոթցիներին․ «Այստեղով Նախիջեւան ճանապարհ կա, որ գան-գնան լավ կլինի, չէ՞»։ Պատասխանը, սակայն, հստակ էր․ «Քանի դեռ Եռաբլուր կա, դա հնարավոր չէ»։

Նախընտրական խոսքում Փաշինյանը հիմնականում կենտրոնանում էր ապագայի վրա՝ պնդելով, որ ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի համար ճակատագրական սխալ է եղել։ Նա հայտարարեց, որ իշխանությունները բնակիչներին տվել են ապագա՝ ոչ թե յոթ սարի հետեւում, այլ այստեղ, հիմա, եւ հնարավորություն են ստացել պետություն լինելու եւ այն սերնդեսերունդ փոխանցելու։

Իրավիճակը հետաքրքրական է դարձնում նաեւ այն, որ իշխանության հովանոցի ներքո են անցել նախորդ ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հայտնի դարձած մի քանի համայնքապետեր։ Օրինակ, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեկ դիմավորեց Փաշինյանին Խնձորեսկում եւ խոնարհվեց նրա առաջ, երկուշաբթի կանգնեցնելու է իր դեմ հարուցված քրեական գործը։ Նույնպես ՔՊ-ի դրոշի տակ է անցել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որը 2021-ին Ռոբերտ Քոչարյանի ցուցակում էր։