Շենքերի էներգաարդյունավետության ծրագրի ընթացքը գնահատվեց ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության համատեղ նիստում

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Կլիմայի կանաչ հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի խորհրդի նիստը նվիրված էր ծրագրի ընթացքի վերլուծությանը, առաջացած մարտահրավերների քննարկմանը և դրա հաջող ավարտը ապահովող գործողությունների համաձայնեցմանը։

Նիստին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Նախարարը բացման խոսքում ներկայացրել է ծրագրի արդեն արձանագրված հստակ և չափելի արդյունքները։ Ըստ նրա՝ ծրագրի շնորհիվ արդեն 316 շենք է ենթարկվել էներգաարդյունավետության բարելավման աշխատանքների, ինչի արդյունքում տարեկան CO₂ արտանետումների կրճատումը կազմում է մոտ 63000 տոննա։ Այս նախաձեռնությունից օգտվել է ավելի քան 400000 մարդ, որոնցից ավելի քան կեսը կանայք են։

Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ շենքերին Հայաստանում էներգիայի վերջնական սպառման 35%-ը վերաբաժին է։ Դրանց էներգետիկ բնութագրերի բարելավումը, բացի տնտեսական օգուտներից, նպաստում է նաև բնապահպանական ոլորտին՝ կլիմայի փոփոխության համամոլորակային ճգնաժամի հասցեագրմանը։ Նախարարը ընդգծել է, որ ծրագրի հաջող ավարտը պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի միջև արդյունավետ և ժամանակին համագործակցության վրա է կախված։

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ելույթում նշել է, որ այս նախագիծը հիանալի օրինակ է ցույց տալիս, թե ինչպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի կառավարության միջև սերտ համագործակցությունը կլիմայական պարտավորությունները վերածում է մարդկանց առօրյա կյանքում զգալի բարելավումների։ Նա ընդգծել է ուժեղ ազգային սեփականատիրության և հաստատությունների միջև համակարգման կարևորությունը՝ նշելով, որ ձեռք բերված առաջընթացը արտացոլում է արդյունավետ համագործակցություն թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում։

Խորհրդի ընթացքում քննարկվել են նաև արդյունքների կայունացման և ծրագրից հետո շարունակականության ապահովման հարցերը՝ ընդգծելով միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը։