Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել են կուսակցությունների բարեվարքության և իրավական պատասխանատվության հարցերը

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, մանրամասն քննարկվել են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը։

Օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը։ Այս ուղեցույցը պարունակում է պաշտոնյաների և թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության կանոնները, իրավական պատասխանատվության միջոցները և այլ կարևոր կանոնակարգումներ։

Քննարկվել են նաև կուսակցությունների ֆինանսավորման համակարգը, կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև կուսակցություններում բարեվարքության կանոնների կիրառման հարցերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նպատակը պետք է լինի ստեղծել այնպիսի կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում, այլ ոչ թե ստեղծել «թակարդներ»։ Նա առաջարկել է օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի կուսակցությունների կանոնադրություններով սահմանվի, որ կուսակցությունները պետք է ունենան մարմին կամ պաշտոնյաներ, որոնց վրա պատասխանատվություն դրվի կուսակցության բարեվարքության կանոններով զբաղվելու համար։

Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ընթացքում եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմիններում պետք է լինեն էթիկայի և բարեվարքության պատասխանատու պաշտոնյաներ։ Նրա խոսքով՝ այս մոտեցումը պետք է տարածվի նաև կուսակցությունների վրա, որպեսզի նրանք ունենան իրենց ներքին կառուցվածքներ, որոնք կապահովեն կանոնների կիրառումը։

Վարչապետը նաև հավելել է, որ նրանց խնդիրն այն չէ, որ կուսակցությունները անընդհատ խախտումներ անեն, իսկ պետական մարմինները դրանք տուգանեն։ Ընդգծվել է, որ հիմնական նպատակը նպաստելն է կուսակցությունների կողմից քաղաքակիրթ և օրինական գործունեության ապահովմանը։