ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ։
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին։
Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ներկայիս անվտանգային միջավայրի վերլուծությունը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները։ Այնուհետև քննարկումները շարունակվել են ազատ ձևաչափով՝ հարցուպատասխանի կերպով։
Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում։ Այստեղ կայացել է երկու հաստատությունների միջև փոխգործակցության ծրագրերի և հեռանկարների քննարկում։