Հայաստանում բացահայտվել է հանցավոր խումբ, որը հափշտակում էր ԱՄՆ-ից բեռնափոխադրվող ապրանքները

ՀՀ ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է հանցավոր խումբ, որը կազմակերպում էր բեռնափոխադրումներ ԱՄՆ-ից տարբեր երկրներ՝ իրականում հափշտակելով ուղեբեռը և վաճառելով այն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գտնվող կիսանկուղային հարկում գործող գրասենյակային տարածքում մի խումբ անձիք նախնական համաձայնությամբ վարձակալել էին տարածքը և այն կահավորել հատուկ համակարգչային տեխնիկայով։

Խմբի անդամները, օգտագործելով այդ տեխնիկան և ներբեռնված հատուկ ծրագրակազմերը, կազմակերպում էին բեռնափոխադրումներ ԱՄՆ-ում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ համաձայնագրեր կնքելով։

Հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խմբի անդամները, իրենց վստահված ուղեբեռը հափշտակելուց հետո, այն տեղափոխում էին այլ հասցե, որտեղից հետագայում վաճառվում էր տարբեր երկրներում։ Խմբի տարբեր անդամներ պարբերաբար այցելում էին նշված գրասենյակ և գործունեության դիմաց վարձատրվում էին կանխիկ՝ ԱՄՆ դոլարով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց ինքնությունները։ Քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ինչի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փետրվարի 20-ին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համատեղ, դատարանի որոշմամբ, իրականացրել են անակնկալ խուզարկություն նշված գրասենյակում։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ թվային տեղեկություններ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են հանցավոր գործունեության կազմակերպման և իրականացման համար։