Կոնյակ արտադրողների աջակցության ծրագիրը և բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը

Հանրային քննարկման է ներկայացվել «Կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Այս ծրագիրը մշակվել է արտահանման ոլորտում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու նպատակով։

Ինչպես հայտնի է դարձել, 2025 թվականի 11 ամիսների ընթացքում հանրապետությունից շշալցված կոնյակի արտահանման ծավալը նվազել է մոտ 5,4 մլն բացարձակ լիտրով, ինչը կազմում է մոտ 28 տոկոսի անկում։ Այս անկումը սրվել է այն բանից հետո, երբ 2025 թվականի ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայությունը սկսել է կանգնեցնել հայկական ընկերությունների կողմից Վրաստանով տարանցվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ նրանց նկատմամբ «արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն» անցկացնելու պատրվակով։

Փորձաքննության ընթացքում բեռնատարներից յուրաքանչյուր տեսականուց վերցվում է 5-ական շիշ նմուշ, որոնք տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ։ Այս ընթացքի արդյունքում բեռնատարները կարող են կանգնել 10 օրից մինչև 49 օր, իսկ միջինում օրական կուտակվում է 150 և ավելի բեռնատար։ Այս երկարատև կանգնեցումները տնտեսվարողների համար առաջացնում են լրացուցիչ ծախսեր՝ մեկ օրվա համար մոտ 100 ԱՄՆ դոլար վճարելով բեռնափոխադրող կազմակերպությանը։

Այս իրավիճակը հանգեցրել է այն բանին, որ ընկերություններն ապահովել չեն կարողանում ապրանքի մատակարարումն առևտրի ցանցերի հետ կնքված պայմանագրերում նշված ժամկետներում։ Դրա հետևանքով նրանք ենթարկվում են մատակարարման ենթակա խմբաքանակի արժեքի 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Նման կրկնվող իրավիճակները նաև հանգեցնում են այն բանին, որ առևտրային ցանցերը խուսափում են տնտեսվարողների հետ մատակարարման պայմանագրեր կնքելուց։

Ստեղծված այս ճգնաժամային իրավիճակը հանգեցրել է ընկերությունների ֆինանսական մուտքերի էական կրճատմանը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել աշխատակիցների աշխատավարձերի վճարման և հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու հարցում։

Նախագծով նախատեսվում է, որ ծրագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում 200.0-ից մինչև 1500.0 մլն դրամ սահմանաչափով վարկեր կտրամադրվեն այն կազմակերպություններին, որոնք 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ են իրականացրել և զբաղվում են շշալցված կոնյակի արտադրությամբ։ Այս վարկերը կարող են օգտագործվել աշխատակիցների աշխատավարձերի կամ դրան հավասարեցված վճարումների, պետական կամ համայնքի բյուջե հարկերի և պարտադիր վճարումների կատարման համար։

Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան առավելագույնը 14 տոկոս, սակայն կառավարությունը կսուբսիդավորի տրամադրված վարկերի տոկոսադրույքի տարեկան մինչև 12 տոկոսային կետին համարժեք մասը, ինչի արդյունքում վարկառուի վճարած վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի ընդամենը 2 տոկոս։ Վարկերը կունենան մարման առավելագույնը 48 ամիս ժամկետ, իսկ վարկի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը կհաշվարկվա վարկը տրամադրելու պահից՝ ոչ ավելի, քան 24 ամիս։

Ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարությունը կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք՝ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի գծով։