Այսօր Ազգային ժողովը հատուկ ընթացակարգով քննարկեց և կողմ քվեարկեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը։
Որոշմանը կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2։
Քվեարկությունից առաջ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը պահանջել էր դադարեցնել Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ Ընդդիմադիր պատգամավորների հիմնավորմամբ՝ Հակոբ Հակոբյանը, որը նաև հայտնի է որպես մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսես, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նշում են, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։