Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին՝ նշելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի և խորհրդակցության կարևորությունը։ Նա նշել է, որ դեսպանը մեծ դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, հատկապես ռազմավարական գործընկերության ձևավորման հարցում։
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար։ Դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար, կիսել եք դժվարությունները մեզ հետ միասին, և այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում։ Իհարկե, արձանագրված արդյունքները ևս շատ տեսանելի են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։