Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆի հետ՝ շնորհավորելով նրան դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել իրավապայմանագրային դաշտի արդիականացմանը և այնտեղ մշակվող նոր նախագծերի ընթացքին։
Հատկապես մանրամասն քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական և առևտրային գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագրի նախագիծը։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ընթացիկ գործընթացը՝ նշելով, որ նոր Սահմանադրության տեքստի մշակումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
Հանդիպման արդյունքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ համագործակցության հետագա ձևաչափի վերաբերյալ։