Հայաստանում կկայանա «Ֆրանկոֆոնիայի մրցանակ՝ Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, համագործակցելով Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ, հայտարարում է «Ֆրանկոֆոնիայի մրցանակ՝ Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի անցկացման մասին։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել ֆրանսերենի ուսումնասիրությունը եւ զարգացնել հայ ավագ դպրոցի աշակերտների հռետորական հմտությունները։

Մրցույթը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցների (10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններ) ֆրանսերեն սովորող աշակերտների համար՝ բացառությամբ Անատոլ Ֆրանսի անվան միջազգային Lycée francais դպրոցի ֆրանսերեն բաժնի աշակերտների։

Մրցույթի ընթացքը եւ պայմանները

Մրցույթը կներառի երեք փուլ։

Առաջին փուլը՝ տեսանյութի նկարահանումը

Մասնակիցները պետք է ստեղծեն ֆրանսերենով կարճ տեսանյութ՝ ոչ ավելի քան մեկ րոպե տեւողությամբ, որը կներկայացնի իրենց տեսլականը՝ «Ի՞նչ կարող են անել ավագ դպրոցները՝ Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերին աջակցելու համար» թեմայով։

Երկրորդ փուլը՝ դիմումի ներկայացումը

Մինչեւ 2026 թվականի փետրվարի 28-ը՝ Հայաստանի ժամանակով, մասնակիցները պետք է էլեկտրոնային նամակով (scac.erevan@gmail.com) ուղարկեն իրենց տեսանյութի հղումը (YouTube կամ Google Drive) եւ լրացուցիչ տեղեկությունները՝

Ազգանուն եւ անուն
Էլեկտրոնային փոստի հասցե
Հեռախոսահամար
Տարիք
Դպրոցի անվանում եւ դասարան

Այս տեղեկատվությունը չներկայացնելը կհանգեցնի մասնակցի դուրս մնալուն։

Երրորդ փուլը՝ եզրափակչային բանավեճը

Մրցույթի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի հունվարի 12-ին։ 2026 թվականի փետրվարի 28-ի կեսգիշեր մինչեւ այդ ստացված եւ պահանջվող բոլոր պայմաններին համապատասխանող տեսանյութերը կդիտվեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից։ Ժյուրին կընտրի լավագույն 12 տեսանյութերի հեղինակներին, որոնք կմասնակցեն մրցույթի եզրափակչին։

Եզրափակչի ժամանակ, որը կկայանա 2026 թվականի մարտի 12-ին Ազգային ժողովում, մասնակիցները կներկայացնեն իրենց ճարտասանությունը եւ կմասնակցեն պատահականորեն ընտրված թեմայի շուրջ կազմակերպվող բանավեճին։

Մրցանակներ եւ արդյունքների հրապարակում

Մրցույթի երեք ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ՝ Ֆրանսիայում 1 շաբաթ ֆրանսերեն ուսումնասիրելու համար։ Լավագույն 12 տեսանյութերի հեղինակները կստանան գրքեր եւ կհրավիրվեն Ֆրանսիայի դեսպանություն։ Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական։

Արդյունքների հրապարակումը եւ մրցանակաբաշխության արարողությունը կկայանան Ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի կողմից մինչեւ 2026 թվականի մարտի վերջը։