Կառավարությունը որոշեց լուծարել «Կանթեղ շաբաթաթերթ» ընկերությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է որոշում, որի համաձայն «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծվի։

Համաձայն կառավարական փաստաթղթի՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով։

Հանձնաժողովի կազմում կներկայացվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (ներառյալ հանձնաժողովի նախագահը և անդամ-քարտուղարը) և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Արագածոտնի մարզպետին հանձնարարվել է լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի, գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին։

«Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 2001 թվականի ապրիլի 10-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի թիվ 12 որոշմամբ։ Ընկերության հիմնական գործունեությունը հրատարակչային գործունեության իրականացումն է։