Տեղական ինքնակառավարման բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկումները։

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Քննարկումների կենտրոնում էին մի քանի հիմնական ուղղություններ։ Անդրադարձ է կատարվել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումների, պետական գերատեսչությունների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև առաջարկվող կարգավորումների ազդեցության գնահատման հարցերին։

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացումը և այս ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումը հանդիսանում են պետական կառավարման համակարգի արդյունավետության և ժողովրդի կյանքի որակի բարելավման հիմնաքարերից մեկը։

Քննարկումների արդյունքներով որոշվել է շարունակել աշխատանքները նախագծերով առաջարկվող կարգավորումների վերջնական ձևակերպման և կատարելագործման ուղղությամբ։