Տեղական ինքնակառավարման բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկումները։

Քննարկման ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումների, պետական գերատեսչությունների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև կարգավորման ազդեցության գնահատման հարցերին։

Վարչապետը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացումը և այս ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումը հանդիսանում են առաջնահերթություններից մեկը։

Քննարկումների արդյունքներով որոշվել է շարունակել աշխատանքները նախագծերով առաջարկվող կարգավորումների շուրջ։