Օրերս, ինչպես հայտնի է, Փաշինյանի քաղաքական կուսակցությունը (ՔՊ) իր խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին նշանակեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Սա նորություն չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն «իրենց մարդկանց», յուրայիններին «տեղավորում» են տարբեր պետական կառույցներում, որտեղ հնարավորություն է լինում։
Բայց իսկական հարցը այլ է։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մեկ օր առաջ ակտիվ քպական գործիչը, որը պաշտոնապես թողել է կուսակցական մանդատը կամ անդամությունը, մի գիշերում միանգամից դառնում է… «անկախ», «ապակուսակցական» անձ, որին հետո նշանակում են (կամ, ինչպես ասում են, «ընտրում») անկախ մարմնի անդամ կամ ղեկավար։ Սա հրաշք է, չէ՞։
Սա միակ դեպքը չէ։ Մինչ այս էլ մի քանի քպական «հանկարծակի» դարձել են լրիվ անկախ, անկուսակցական, ապաքաղաքական և զբաղեցրել պետական պաշտոններ։ Մեկը՝ Մարդու իրավունքների պաշտպան, մյուսը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, երրորդը՝ դատավոր (և նույնիսկ քաղաքական գործերով դատական նիստեր է նախագահել), չորրորդը՝ Բարձր դատական խորհրդի նախագահ։ Շարքը երկար է, նման դեպքեր հաճախ են հանդիպում այլ պետական, անկախություն և ապակուսակցականություն ենթադրող կառույցներում, հանձնաժողովներում։ Ընդ որում, դեռևս չենք խոսում պետական բուհերի մասին, որոնք հետևողականորեն քպականացվել են։
Չէ, քպականները, փաստորեն, իսկապես տաղանդավոր են, որ մեկ-երկու օրում կուսակցականազերծ են լինում ու միանգամից… «անկախանում»։
Իրականում ամեն ինչ պարզ է։ Պետական ամբողջ համակարգը, կարելի է ասել՝ քպֆիկացվում է։ Այս գործընթացը տոտալ է, և այն ազդում է նույնիսկ այն մարմինների վրա, որոնք Սահմանադրությամբ պետք է լինեին ամենաանհատականացված և անկախ։