Պետական բյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճարներ՝ նախարարներին և փոխնախարարներին

Հայաստանի Հանրապետության նախարարներն ու փոխնախարարները դեկտեմբեր ամսին ստացել են պետական բյուջեի միջոցներով միլիոնավոր դրամների չափով պարգևավճարներ։ Այս հարցի շուրջ մեր հարցումներին Կառավարությունը դեկտեմբերի 25-ից ի վեր պատասխան չի տվել՝ հրաժարվելով հրապարակել պարգևների կոնկրետ գումարները։

Այսպիսով, ոչ միայն Ազգային Ժողովի պատգամավորները, որոնք ստացել են մոտ 3 միլիոն դրամի պարգևավճարներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր գումարներ՝ պետական բյուջեի հաշվին։

Մենք դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հարցում էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով տեղեկացնել դեկտեմբեր ամսին նախարարների և փոխնախարարների ստացած պարգևավճարների և հավելավճարների մասին։ Կառավարությունը պահանջել էր 30 օր ժամանակ՝ հարցին պատասխանելու համար։

Սակայն հունվարի 9-ին ստացվել է պատասխանը Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի կողմից, որտեղ նշվում էր, որ «յուրաքանչյուր նախարարության աշխատողի վարձատրությունը և հաշվապահական հաշվառումն իրականացվում է նախարարության կողմից»։ Այսպիսով, կառավարության ղեկավարությունը փաստորեն հրաժարվել է բացահայտել պարգևավճարների չափը։

Մենք առանձին հարցումներ ենք ուղարկել բոլոր նախարարներին, սակայն մինչ օրս որևէ պատասխան ստանալ չի հաջողվել։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ՝ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ։

Հետաքրքրական է, որ նույն չափի պարգևներ ստացել են նաև տեսչությունների պետերը, իսկ նրանց տեղակալները՝ փոխնախարարներին հավասար։

Այս իրավիճակը, երբ 2025–26 թվականները, որոնք նախընտրական տարիներ էին, քաղաքացիների և հարկատուների համար ծանր էին, բայց նախարարների և փոխնախարարների համար՝ հարուստ, դարձնում է առավել տարակուսալի պետական բյուջեից վճարված այդ գումարների գաղտնի պահպանությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից։