Պետական աշխատողներն ու ղեկավարները ստացել են 2 մլրդ դրամ պարգևավճար

Համաձայն Կառավարության տրամադրած տեղեկատվության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի աշխատակազմի աշխատողները 2021-2025 թվականներին ընդհանուր առմամբ ստացել են 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևավճար և պարգևատրում։

Այս գումարից մոտ 381 մլն 848 հազ. դրամը հատկացվել է որպես պարգևավճար՝ 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա։ Այս պարգևավճարը ստացել են 2025 թվականի առաջին կիսամյակում աշխատած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու երկու փոխվարչապետները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարը կազմել է 11 մլն 950 հազ. 800 դրամ։ Ըստ Կառավարության տվյալների՝ 2021-2025 թվականներին երկու փոխվարչապետներն էլ՝ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, ստացել են մոտ 106 մլն 738 հազ. դրամ պարգևավճար։

Այս պարգևավճարները տրվել են աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային և տարեկան արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան։

Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ հաստատվել է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը»։ Պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, իսկ 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներն են կիսամյակները։

Այս ծրագրի շրջանակում Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 4-ին հաստատվել են կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծության հաշվարկի համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները։ Այս որոշումների հիման վրա էլ հատկացվել է մոտ 381 մլն 848 հազ. դրամ պարգևավճարը։