Ուկրաինան չի կատարել Միջազգային արժութային հիմնադրամին նախատեսված վճարումը

Ուկրաինան ժամկետանց է թողել Միջազգային արժութային հիմնադրամին (ԱՄՀ) նախատեսված հերթական վճարումը։ Այս մասին հայտնի է դարձել՝ հիմնադրամի վճարային գրաֆիկի վերլուծության արդյունքում։

Ըստ տեղեկությունների՝ վճարման վերջնաժամկետը լրացել է երկուշաբթի՝ Վաշինգտոնի ժամանակով կեսգիշերին։ Կիևը պետք է մարեր պարտքի մի մասը՝ 125,737,500 հատուկ փոխառության իրավունք (SDR) չափով, որը վերաբերում է ԱՄՀ վարկային մեխանիզմով տրամադրված միջոցների վերադարձին։

Հունվարի 12-ի պաշտոնական փոխարժեքով մեկ SDR-ը համարժեք է 1.3665 դոլարի, ինչի արդյունքում վճարման ընդհանուր գումարը կազմում է մոտ 171.9 միլիոն դոլար։ Երեքշաբթի առավոտվա դրությամբ ԱՄՀ-ի վճարային օրացույցում միջոցների մուտքի մասին հաստատում դեռ չի գրանցվել։

Ըստ գրաֆիկի՝ հաջորդ վճարումը Ուկրաինայի համար նախատեսված է փետրվարի 24-ին՝ 62.5 միլիոն SDR-ի չափով, իսկ փետրվար–ապրիլ ամիսներին Կիևին սպասվում են ևս մի քանի խոշոր վճարումներ։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել էր, որ երկրի վերականգնման և տնտեսական աճի համար առաջիկա տասը տարում անհրաժեշտ է շուրջ 800 միլիարդ դոլար, որոնք Կիևը նախատեսում է ներգրավել դրամաշնորհների, վարկերի և մասնավոր ներդրումների միջոցով։ Միաժամանակ Ուկրաինայի 2026 թվականի բյուջեն ընդունվել է ռեկորդային դեֆիցիտով, և, ըստ Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Ռազումկով-ի, արդեն փետրվարից կարող են խնդիրներ առաջանալ՝ ներառյալ զինվորականների աշխատավարձերի և սպառազինության ֆինանսավորման հարցերում, այն պայմաններում, երբ արևմտյան աջակցությունը աստիճանաբար կրճատվում է։