ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության պատվիրակության հետ

Հունվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացմանը։

Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին՝ հատկապես էներգետիկայի ոլորտում և հանքարդյունաբերության բնագավառում։

Հանդիպման նախօրեին, հունվարի 13-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հանդիպման արդյունքներով հրապարակվել էր «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման շրջանակը, որը, ըստ կողմերի, ցույց է տալիս ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացում։

Կողմերը վերահաստատել են իրենց երկկողմ հանձնառությունը՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակականության ապահովմանը։