Պետական եկամտային կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 1,95 տրլն դրամ։
Ընդհանուր գումարի 20 տոկոսը, այսինքն՝ մոտ 390 մլն դրամը, վճարել է առաջատար տասնյակը։ Թեև «լավագույն տասնյակի» կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը նվազել է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 3,6 տոկոսով, 1000 խոշոր հարկատուների ընդհանուր վճարած գումարի մոտ 47 տոկոսը կազմում է առաջին հիսնյակում գտնվող ընկերությունների կողմից կատարված վճարումները։
Հարկային ցուցակի առաջատարը Մոբայլ սենթրն է, որին հաջորդում են «Գրանդ տոբակոն» և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Հիսնյակում տեղ է գտել միանգամից 8 բանկ՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկո բանկ, Յունիբանկ, Կենվերս բանկ, ԱյԴի բանկ և Էվոկաբանկ։ Ինչպես սովորաբար, առաջատարների շարքում են նաև կապի ոլորտի երեք խոշոր օպերատորները՝ Վիվա Արմենիա, Յուքոմ և Տելեկոմ Արմենիա։
Արտադրական ոլորտի ներկայացուցիչներից լավագույն հիսնյակում են ընդգրկվել 10 ընկերություն, որոնցից երեքը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ՝ «Գրանդ տոբակո», «Ինթենեյշնլ Մասիս տաբակ» և «Սիգարոն» ընկերությունները։ Հետաքրքրական է, որ առաջին հիսուն հարկատուների ցանկում սննդի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների թիվը սահմանափակվում է երկուսով՝ «Գրանդ Քենդի» հրուշակեղենի արտադրող և «Աթենք» մսամթերքի արտադրող ընկերությունները, որոնք վերջին տարիներին եղել են այս ոլորտի անփոփոխ առաջատարները։
Հիսնյակում զգալի տեղ են գրավում նաև տարբեր ապրանքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունները։