Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ միասին աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգետիկայի նախարար, ֆինանսների գործող նախարար և տնտեսական հարցերի ու ներդրումների պետական նախարար Սաբիհ Աբդուլազիզ ալ Մուխայզիմի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկեցին Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվեցին նաև նիստի հաջող կազմակերպման համար Հայաստանի կողմից անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը՝ որպես առաջիկա նախաձեռնությունների հաջող իրականացման և երկու երկրների միջև գործընկերության ամրապնդման հիմնական գործոն։
Հիշեցնենք, որ տվյալ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն է։