Կառավարությունը կֆինանսավորի նոր բնակարանների կառուցումը 1417 ընտանիքի համար

Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի նոր առնվազն 1417 բնակարանի կառուցումը մի շարք սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում։ Այս քայլը նպատակ ունի ապահովել համաչափ տարածքային զարգացում և խթանել բնակչության մշտական բնակեցումը։

Ծրագրի շահառուների խմբերը բաժանվում են երեք հիմնական կատեգորիայի։

Առաջին խումբը կազմում է մոտ 400 քաղաքացի, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից՝ բավարարելով դրա բոլոր պայմանները և ստանալով շինթույլտվություն մինչև 2025 թվականի մայիսի 1-ը։

Երկրորդ խումբը ներառում է այն քաղաքացիներին, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ձեռք են բերել կամ գրանցել հողամասի սեփականության իրավունքը։

Ավելի քան 770 նոր քվոտաներ նախատեսվում է տրամադրել նաև այն բնակավայրերի համար, որտեղ բնակչության թվի համամասնության 10 տոկոսից քիչ տներ են կառուցվել։ Այս դեպքում ծրագրի հիմնական պայմաններին զուգահեռ, նախատեսվում է, որ ամուսիններից առնվազն մեկը վերջին 12 ամիսներին հաշվառված լինի տվյալ բնակավայրում։

Այս նոր փուլում նախատեսվում է աջակցել նաև 243 ընտանիքի։ Այս ընտանիքները պետք է բավարարեն ծրագրի հիմնական պայմաններին զուգահեռ՝ ունենալով նաև առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա։ Այս քայլը նպատակ ունի ապահովել, որ 300 դպրոց ծրագրով կառուցված կամ կառուցվող դպրոցներում աշակերտների համալրվածությունը բերվի 20%-ի մակարդակի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել տներ բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձորում (32 տուն), Այգեպարում (17 տուն), Արծվաբերդում (41 տուն), Իջևանի Ազատամուտում (79 տուն), Սյունիքի մարզի Գորիսի Բարձրավանում (10 տուն), Կապանի Բարգուշատում (10 տուն) և այլն։

Ավելի վաղ ծրագրում ընդգրկվել էր 2319 ընտանիք։ Այժմ ծրագիրը կվերաբացվի նաև այն բնակավայրերում, որտեղ 300 դպրոց ծրագրով կառուցված կամ կառուցվող դպրոցներն ունեն աշակերտների համալրվածության խնդիր, որտեղ ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։