Անկասկած, շատերիցս դուք էլ նկատել եք, որ ամեն օր, ըստ որում՝ ժամեր շարունակ, մայրաքաղաքի (և ոչ միայն) մի շարք բանուկ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում։ Տարբեր պատճառներով։ Մի տեղ ամբողջ թաղամասն է հոսանքազրկվել, մեկ ուրիշ տեղ լուսացույցի սնուցման կաբելն է «խփել», մեկ այլ տեղ էներգամատակարարման տատանումներից լուսացույցն անձամբ է «խփնվել»։
Արժե՞ բացատրել, թե նման լուսացույցային անջատումների հետևանքով այդ խաչմերուկներում երթևեկության ինչ քաոս է սկսվում։ Չնայած, նման պայմաններում ի՜նչ «երթևեկություն» կարող է լինել, այն տեղում վերածվում է «երթևականգության»։ Մի խոսքով, հասկանալի է, թե ինչ խառնիճաղանջ վիճակ է ստեղծվում։
Բայց խնդիրը միայն լուսացույցների հոսանքազրկմամբ չի սահմանափակվում։ Էներգամատակարարման ընդհատումները, որոնք ժողովրդի շրջանում հայտնի են որպես «լույսի անջատումներ», հասել են խայտառակ չափերի։ Բավական է զանգել ՀԷՑ-ի եռանիշ համարով, և մի քանի րոպե շարունակ աշխատակիցը կթվարկի միայն անջատումների հասցեները։ Խոսքը վերաբերում է և՛ վթարային, և՛ պլանային անջատումների։ Այս ցուրտ ձմեռով մարդիկ ժամերով հոսանք չեն ունենում։
Ամանորյա տոներից առաջ, անգամ՝ տոներին, գիտեք, ահավոր վիճակ էր։ Ամբողջ թաղամասեր, խոշոր քաղաքների ամբողջական հատվածներ հոսանքազրկվել էին։ Ինչպես տեսնում ենք, շատ բան չի փոխվել։
Ի լրումն, մարդիկ ահռելի վնասներ են կրում։ Նրանք մրսում են, հիվանդանում են։ Կենցաղային տեխնիկան վնասվում է։ Բայց ամենացավոտը փոքր խանութների տերերն են։ Նրանք, ովքեր չունեն առանձին գեներատորներ, հոսանքազրկման ժամանակ ոչ միայն չեն կարողանում իրենց ապրանքներ վաճառել, այլև տեխնիկան են կորցնում, իսկ ապրանքները՝ փչանում։
Մի խոսքով, աննախադեպ ծավալի անջատումներ են։