Երևանում և մարզերում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի

ՀՀ տնտեսական զարգացման և նորարարությունների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ կառավարության միջամտության արդյունքում Երևանում և մարզերում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։ Այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից։ Օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Քննարկումից հետո որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կիրականացվեն լրացուցիչ ուսումնասիրություններ։ Դրանց արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների համար նոր, բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։

Դավիթ Խուդաթյանը պնդում է, որ նման որոշման հիմք են հանդիսանում վերջին տարիներին Երևանում և մարզերում իրականացված կապիտալ աշխատանքների ծավալները, որոնք եռապատկվել են։ Նա նաև ընդգծել է, որ շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։ «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել էր, որ գրաֆիկները հրապարակվում են՝ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած կանոնների։