Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը նշվեց միջոցառման ընթացքում

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել՝ նշելով երկրի անդամակցության Եվրոպայի խորհրդին 25-ամյակը։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ստրասբուրգում նշել այս կարևոր հոբելյանը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին նշանավորվել է բազմաթիվ բարեփոխումներով։

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության փորձը վկայում է Հայաստանի հաստատակամ հանձնառության մասին՝ իրականացնելու եվրոպական չափանիշներին համապատասխանող բարեփոխումներ՝ ամրապնդելով ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյուները։

Արարատ Միրզոյանը նաև նշել է, որ այս բարեփոխումները կենսական դեր են ունեցել Հայաստանի ժողովրդավարական վերափոխման գործում՝ բարձրացնելով երկրի դիմակայունությունը տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում և նպաստելով խաղաղ ու բարեկեցիկ ապագայի տեսլականի ձևավորմանը։

Հոբելյանի առթիվ նախարարը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին է հանձնել Հայաստանի պատմամշակութային ժառանգության կարևոր նվեր՝ «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական ​​օրենսգրքի մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակը։

«Այս աշխատանքը, որը գրվել է 12-րդ դարի փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից, հայկական իրավական մտքի հիմնաքարն է և դարեր առաջ հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքը»,- ասել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ 2025 թվականի ապրիլին «Դատաստանագիրքը» միաձայն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում»՝ որպես նրա մշակութային և քաղաքակրթական հավերժ նշանակության վկայություն։

Արարատ Միրզոյանը նշել է, որ այս նվերը, որն արտացոլում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի կողմից կիսվող հիմնարար արժեքները, կզբաղեցնի իր նշանակալի տեղն այս հաստատությունում՝ դառնալով դրա սկզբունքների նկատմամբ մեր խորը հարգանքի և անսասան նվիրվածության խորհրդանիշը։

Միջոցառման ավարտին նախարարը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կմասնակցեն «Հայփոստ»-ի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարման արարողությանը՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին։