Եվրոպական կառույցները հաճախ հռչակում են ժողովրդավարական արժեհամակարգի՝ ազատությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հանդեպ իրենց անսասանատեր հավատքը։ Սակայն իրականության մեջ այս արժեհամակարգի նկատմամբ մոտեցումները հաճախ դառնում են երկակի, նույնիսկ բազմակի, ինչը վտանգավոր խաղ է, որի հետևանքները կարող են ծանր հարված հասցնել այն երկրների ժողովրդավարական հույսերին, որոնք փորձում են իրենց ճանապարհը գտնել դեպի ազատություն։
Այս երկակիչությունը հատկապես ցայտուն է դառնում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին։ Եվրոպական կառույցները, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը ծառայող դերը, աչք են փակում այդ երկրում հաստատված ավտորիտար բռնապետության համակարգի հակաժողովրդավարական բնույթի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա։ Արցախի շուրջ տեղի ունեցած ցեղասպանական գործողություններից և էթնիկ զտումից հետո Ադրբեջանը ոչ միայն չի հեռացվել եվրոպական կառույցներից, այլ շարունակում է համարվել «վստահելի գործընկեր»։
Այս երկակիչությունը, սակայն, ցնցողորեն երևում է նաև Հայաստանի դեպքում։ ԵԽԽՎ-ն պարբերաբար քննարկում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները, քաղաքական բևեռացումը և ընտրությունները։ Որքան էլ տարօրինակ է հնչում, ԵԽԽՎ Վեհաժողովը օրերս բանաձև է ընդունել, որում խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև առկա «լարվածության» և «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների» կապակցությամբ։ Այս մոտեցումը ոչ միայն կանխակալ է, այլև ակնհայտորեն շեղում է իրականության կենտրոնից։ Երբ ԵԽԽՎ-ն հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին է խոսում, այն ոչ թե իշխանությանն է մեղադրում Եկեղեցու ներքին գործերին միջամտելու, այլ հակառակը՝ մեղադրական սլաքներն ուղղում է Եկեղեցու դեմ։
Ի՞նչ է կատարվում, երբ իշխանության դիրքորոշման հետ անհամաձայնություն հայտնող քաղաքական գործիչները, հոգևորականները և անհատներն իսկույն հայտնվում են քրեական գործերի թիրախում, իսկ նրանց ազատությունը սահմանափակվում է։ Երբ իշխանությունների կողմից հարվածի տակ է հայտնվել ազգային ու հոգևոր արժեհամակարգը, իսկ ճնշումների ներքո են իրենց մեջ այդ արժեհամակարգը կրող ու տարածող անձինք, դրա հետ Ռուսաստանն ի՞նչ առնչություն ունի։ Եվ եթե երկրում կան պրոռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր, ապա ժողովրդավարությունը ենթադրում է, որ նրանք ևս կարող են իրենց ասելիքը ներկայացնել հանրությանը։
Հնարավոր է, որ Եվրոպայից եկող այսպիսի արձագանքների հետևում թաքնված են աշխարհաքաղաքական շահեր։ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց քայլերին արտաքին «լեգիտիմություն» հաղորդել՝ պնդելով, թե պայքարում են արտաքին ազդեցության, ի մասնավորի՝ Ռուսաստանից եկող «հիբրիդային սպառնալիքի» դեմ։ Եվ եվրոպական կառույցները, իրենց հակառուսական մոտեցումներից ելնելով, հաճախ անտեսում են այն ժողովրդավարական արժեհամակարգը, որն իրենք են հռչակել առաջնահերթություն։
Սակայն այս աչառու մոտեցումը ավելի վտանգավոր երևույթի ի հայտ գալու պատճառ կարող է դառնալ։ Այն ճանապարհ է բացում բացարձակ ավտորիտարիզմին և տոտալիտարիզմին բնորոշ տարրերի երևան գալու համար։ Երբ քաղաքական այլախոհությունը և այլակարծությունը հետապնդվում են ու գանակոծվում, իշխանությունները կարող են հասնել նրան, որ Ռուսաստանի հետ «կապելու» անվան տակ հող նախապատրաստեն իրենց համար անցանկալի ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունն արգելելու նպատակով։
Այս դեպքում Եվրոպան ոչ թե հետևում է իր հռչակած սկզբունքներին և նպաստում է Հայաստանի ժողովրդավարացմանը, այլ յուրօրինակ «հիբրիդային պատերազմի» միջոցով հիմքեր է նախապատրաստում Հայաստանի առանց այն էլ կաղող ժողովրդավարությունը գծերից գցելու համար։