Եվրոպական խորհրդարանն անվերապահորեն պահանջում է դադարեցնել բռնությունը Իրանում

Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ անվերապահորեն պահանջում է Իրանի իշխանություններից, որոնք գործում են Ալի Խամենեիի ղեկավարությամբ, անհապաղ դադարեցնեն խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը, ինչպես նաև բոլոր մահապատիժները և քաղաքացիական անձանց սպանություններն ու ճնշումները։

«Լիակատար համերաշխություն հայտնելով Իրանի ժողովրդի և նրանց քաջարի ու օրինական բողոքի շարժմանը՝ խորհրդարանը խստորեն դատապարտում է անվտանգության ուժերի կողմից ուժի լայնածավալ, միտումնավոր և անհամաչափ կիրառումը»,- նշված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

562 կողմ, 9 դեմ և 57 ձեռնպահ ձայներով ընդունված բանաձևով պատգամավորները մտահոգություն են հայտնում, որ հազարավոր ցուցարարների սպանությունն ազդարարում է իրանական ռեժիմի կողմից այլախոհության ճնշման սարսափելի անցման մասին՝ զսպումից անցնելով ռազմավարական վերացման։

Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր ցուցարարներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին, որոնք ներկայումս կալանքի տակ են։

Բանաձևում նաև կոչ է արվում ԵՄ-ին ընդլայնել սահմանափակող միջոցառումները, խստորեն կիրառել ակտիվների սառեցումը և վիզայի արգելքները։ Եվրախորհրդարանը ողջունում է ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները և կոչ է անում ԵՄ-ին արագ գործողություններ ձեռնարկել բոլոր պաշտոնյաների և կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են բռնաճնշումների համար։