ԵՄ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և նրանց Հայաստանին փոխանցումը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
«Սա կարևոր առաջընթաց է Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- նշել է նա։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես անդրադարձել է այս հարցին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է այսօր Ադրբեջանի կողմից չորս հայերի ազատ արձակումը, ինչպես նաև այն վերջին մյուս դրական քայլերը, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ։