Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի համար։ Նա հատկապես ընդգծել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի նշանակությունը։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ նշելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության։ Նա վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին և առանձնակիորեն ընդգծել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը և նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։
Նախագահ Թրամփը նաև անձնական մակագրությամբ նվեր է փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ի նշան բարձր գնահատանքի։