Գյումրու ավագանին հաստատեց 2026 թվականի բյուջեն

Գյումրու քաղաքային ավագանին դեկտեմբերի 19-ի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքի ֆինանսական հիմնական փաստաթղթի ընդհանուր գումարը կազմում է 7 մլրդ 582 մլն դրամ, ինչը մոտ 400 մլն դրամով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը։

Բյուջեի ընդունմանը դեմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 ավագանիները՝ հիմնվելով 2025 թվականի ընթացքում առկա խնդիրների և թերացումների վրա։ Սակայն նախագիծը հաստատվեց նիստին ներկա մյուս 18 ավագանիների կողմ քվեարկությամբ։

2026 թվականի բյուջեն կազմվել է Գյումրի համայնքի 2025-2029 թվականների զարգացման հնգամյա ծրագրի հիման վրա։ Ֆինանսավորումը կապահովվի համայնքի սեփական եկամուտների, ՀՀ պետական բյուջեից ստացվող դոտացիաների և նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների հաշվին։

Բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

Որակյալ ծառայությունների մատուցում: Բնակիչներին ապահովել բարելավված և մատչելի ծառայություններով։
Համայնքային ենթակառուցվածքների արդիականացում: Վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները, մուտքերը և ընդհանուր օգտագործման տարածքները, ինչպես նաև ասֆալտապատել փողոցները և մայթերը։
Քաղաքային միջավայրի բարելավում: Ընդլայնել և արդիականացնել քաղաքային լուսավորության ցանցը, կազմակերպել աղբահանությունը և սանմաքրումը, ավելացնել և պահպանել զբոսայգիների և պուրակների կանաչապատ տարածքները։
Սոցիալական աջակցություն: Կատարել սոցիալապես անապահով խավերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծրագրերը։
Կրթական, մշակութային և մարզական կյանքի զարգացում: Բարելավել մանկապարտեզների և արտադպրոցական կրթական հաստատությունների պայմանները, ինչպես նաև խթանել գործարար և ներդրումային միջավայրի զարգացումը։

Նախատեսվում է նաև ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը 20 տոկոսով, իսկ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձերը՝ 10 տոկոսով։