Բարձր տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատարներին նվիրված աստղեր բացվեցին Ինժեներական քաղաքում

Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ արարողություն, որի ընթացքում Փառքի արահետում բացվեցին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023 և 2024 թվականների դափնեկիրներին նվիրված աստղերը։

Հանդիսավոր միջոցառմանը ներկայացել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա շնորհավորել է մրցանակակիրներին՝ նշելով, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական համայնքի մոտեցումների հիմքում անհատն է՝ որպես նորարարության, առաջնորդության և համամարդկային արժեքների ստեղծող։

Նախարարը նաև ընդգծել է, որ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնությամբ և նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձևավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլև ողջ մարդկության համար։

Արարողությանը ելույթներով հանդես են եկել նաև Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի նախկին դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը։

Այս տարվա դափնեկիրներն են՝ Adobe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթին և AIPLAB կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարանը։