Հունվարի 16-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի նախագահությունը վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ հունվարի 19-ին կայանալիք հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Կայացվեց որոշում՝ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականության մասին։
Հունվարի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված է 27 հարց։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրեց Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի ընթացքում իրականացված միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը, որն ընդունվեց ի գիտություն։
Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Ազգային ժողովի խորհրդի համապատասխան որոշմամբ հավանություն տրվեց Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա եւ Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ձեւավորելու՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի առաջարկին։