Իսրայելը ձգտում է ստեղծել սեփական ռազմական դաշինքների համակարգ, որը կարող է հիշեցնել ՆԱՏՕ-ի կառուցվածքը, ինչպես նաև ամրապնդել Թել Ավիվի ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է բրիտանացի քաղաքագետ, Իսրայելի կառավարության նախկին խորհրդական Դանիել Լևինը։
Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունը պայմանավորված է ԱՄՆ-ի ռազմավարական դիրքերի թուլացման և ՆԱՏՕ-ի ներսում առկա ճգնաժամի հետ։ Քաղաքագետը նշել է, որ Իսրայելն արդեն իսկ ակտիվորեն աշխատում է հնարավոր դաշինքի ձևավորման ուղղությամբ՝ զարգացնելով հարաբերությունները մի շարք երկրների հետ։
Այս երկրների թվում են Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սուդանի ապստամբները, Սոմալիլենդը, Եթովպիան և հնարավոր է՝ Հնդկաստանը։
Դանիել Լևինը նաև նշել է, որ տարածաշրջանի այլ երկրներն էլ փորձում են հավասարակշռել Իսրայելի աճող ազդեցությունը։ Նրա կարծիքով՝ Թուրքիան կարող է ստեղծել սեփական ռազմական համագործակցության ցանց՝ ներգրավելով Սաուդյան Արաբիան, Քաթարը, Պակիստանը, Սոմալին և Եգիպտոսը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ նման զարգացումները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում երկու հակադիր ռազմաքաղաքական բլոկների ձևավորմանը։