Վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Երևանի տարբեր շրջաններում հանդիպումներ են անցկացնում՝ ներգրավելով նախարարների և այլ պաշտոնատար անձանց։ Այս հանդիպումների ընթացքում քաղաքացիները բարձրաձայնում են իրենց խնդիրները, որոնց պատասխաններ են տրվում տեղում, և հնչում են հանձնարարականներ՝ պետական մարմիններին։ Այս իրադրությունը հանրային ընկալման մեջ ստեղծում է վաղ մեկնարկած քարոզչության տպավորություն։
Այսպիսով, առաջանում է հարց՝ արդյոք նման ակտիվությունը կարելի է դիտարկել որպես նախընտրական քարոզչություն կամ վարչական ռեսուրսի կիրառում, հատկապես այն պարագայում, երբ գործընթացում ներգրավված են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ։
Այս հարցի պարզաբանում ստանալու համար դիմեցի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ ԿԸՀ-ի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը։ Նրանք այն համարում են սահմանափակումների շրջան, որովհետև օրենքով որոշակի գործառույթներ են սահմանափակված։ Օրինակ՝ այդ ժամանակահատվածում քաղաքական ուժերը պարտավոր են ներկայացնել իրենց ֆինանսական հաշվետվությունները, իսկ հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, քարոզչություն իրականացնելու իրավունք չունեն։
ԿԸՀ նախագահի՝ ավելի կոնկրետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի այս դիրքորոշումը փաստացի ցույց է տալիս, որ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քաղաքական ակտիվությունը չի ենթարկվում այն վերահսկողական մեխանիզմներին, որոնք կիրառվում են նախընտրական փուլում։
Սակայն, երբ հանրային հանդիպումներին մասնակցում են պետական պաշտոնյաներ, և տեղում բարձրացված խնդիրների մասով հնչում են հանձնարարականներ, առաջանում է հարց՝ արդյոք ապահովվում են հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։
Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության տեսանկյունից կարևոր է ոչ միայն իրավական սահմանափակումների պահպանումը, այլ նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման բացառումը։ Մասնագետները բազմիցս ընդգծել են, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին պետք է հստակ տարանջատված լինի նրանց պաշտոնեական լիազորություններից, որպեսզի բացառվեն անհավասար մրցակցության վերաբերյալ կասկածները։
Այս պայմաններում ձևավորվում է իրավիճակ, երբ քարոզարշավը իրավական առումով դեռ չի սկսվել, սակայն քաղաքական գործընթացը փաստացի արդեն ընթանում է՝ առանց այն վերահսկողական գործիքների, որոնք գործում են պաշտոնական ժամանակահատվածում։ Արդյունքում, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հարցերը շարունակում են գոյություն ունենալ։