Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության հերթական մարզային հանդիպումը։
Հանդիպումն անցավ լիարժեք լսարանով, որտեղ մեր հայրենակիցներն անմիջական մթնոլորտում հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները։ Մենք, որպես խմբակցություն, պարտավոր ենք լինել այս խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի առաջին շարքում։
Հանդիպման ընթացքում իմ գործընկերների հետ ներկայացվել են այս իշխանությունների կառավարման յոթ տարիների ընթացքում տեղի ունեցած աղետալի իրադարձությունները։ Մենք խոսեցինք Արցախի հայաթափման մասին, որը մեր ժողովրդի պատմության ամենամռայլ էջերից է, արտաքին քաղաքականության աննախադեպ ձախողումների մասին, ինչպես նաև ներազգային պառակտման և ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված հետևողական քաղաքականության մասին։
Նկատել եմ, որ քաղաքացիները շատ սթափ են գնահատում իրավիճակը։ Նրանք խորապես ըմբռնում են մեր պետականության առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց աղետալի հետևանքները՝ այս իշխանությունների վերարտադրման պարագայում։ Որպեսզի յուրաքանչյուրը կարողանա արտահայտել իր դիրքորոշումը, մի քանի ամիս հետո բոլորը կունենան հնարավորություն այցելել ընտրատեղամասեր։
Պետք է հստակ գիտակցել, որ անտարբերությունը, ապատիան և հուսալքությունը ձեռնտու են միայն այս իշխանություններին։
Մարզային հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։ Առաջիկայում իմ գործընկերների հետ կլինենք նաև ՀՀ մյուս մարզերում՝ ոչ միայն ներկայացնելու ստեղծված իրավիճակը, այլև լսելու մեր հայրենակիցների մտահոգություններն ու առաջարկները։
Շնորհակալություն ներկաների վստահության և ջերմ ընդունելության համար։