Դեկտեմբերի 16-19-ը աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա եղել է իմ գլխավորած հայկական պատվիրակությունը։ Այս այցի նպատակն էր ուսումնասիրել Ղազախստանի փորձը հանցավորության հաշվառման և վերլուծության բնագավառում։
Պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարի խորհրդական Գոհար Բեգոյանը, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և ՆԳՆ այլ ներկայացուցիչներ։
Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Ղազախստանի ՆԳ նախարարի տեղակալ Այդար Սայդբեկովի հետ։ Մեր քննարկումների կենտրոնում էին թվային նախագծերը։ Ղազախական կողմը ներկայացրել է տեսադիտարկման համակարգեր, որոնք կիրառում են արհեստական բանականության (ԱԲ) գործիքակազմ՝ դեմքի ճանաչման գործառույթներն իրականացնելու համար։ Մենք ծանոթացել ենք նաև Ղազախստանի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում կիրառվող թվային լուծումներին։
Աշխատանքային այցի շրջանակում մեր պատվիրակությունը այցելել է Ղազախստանի Գլխավոր դատախազության իրավական վիճակագրության և հատուկ հաշվառումների կոմիտե։ Այստեղ ցուցադրվել են հանցագործությունների և իրավախախտումների վիճակագրության ձևավորման երկու հիմնական թվային նախագծերը՝ մինչդատական վարույթների և վարչական իրավախախտումների միասնական ռեեստրները։ Մանրամասն քննարկվել են տվյալների ստացման, հավաքագրման և վիճակագրության ձևավորման հիմնական սկզբունքները։
Այցի ընթացքում մենք ծանոթացել ենք նաև Հատուկ հանրային ծառայությունների կենտրոնում քաղաքացիներին մատուցվող թվային ծառայությունների հիմնական հարթակներին, իսկ «Կորկեմ-Տելեկոմ» ընկերության գրասենյակում՝ անվտանգության և տեսահսկողության համակարգերի, խելացի քաղաքների և հեռահաղորդակցության ծառայությունների նախագծերին։
Այցի ավարտը նշանավորեց նաև այցելությունը ղազախական խոշոր տեղեկատվական տեխնոլոգիաների հոլդինգ՝ «Կազ Դրիմ» ընկերության գրասենյակ։ Այստեղ մեր քննարկումները կենտրոնացել էին արհեստական բանականության գործիքակազմով թվային փոխակերպման, իրավապահ համակարգում ծրագրային ապահովման միջոցների կիրառության, ինչպես նաև հանցագործությունների կանխման և նախականխմանը վերաբերող հարցերի շուրջ։
Այցի արդյունքների ամփոփման ընթացքում վերահաստատվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ համագործակցության խորացման պատրաստակամությունը։ Մենք կշարունակենք մանրամասն ուսումնասիրել ՏՏ ոլորտում առկա փորձը և լուծումները՝ դրանք ՆԳ նախարարության կարիքներին համապատասխանեցնելու և ներդնելու ուղղությամբ։