Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որի համաձայն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը կերկարաձգվի ևս երեք տարով։
Այս օրենքը, որի կիրարկումն ապահովվում է կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ, նպատակ ունի մեղմելու սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը և բարելավելու նրանց կենսապայմանները։ Ըստ այդ որոշման՝ սահմանամերձ համայնքներին տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ փոխհատուցելով բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի ծախսերը։
Ներկայումս սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն է ստանում 13 սահմանամերձ համայնքի 82 բնակավայր։ Ծրագիրը գործում է 2015 թվականից, և օրենքի գործողության ժամկետը արդեն երեք անգամ երկարաձգվել է։ Ըստ գործող օրենսդրության՝ այս աջակցությունը կդադարեցվի 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծի հեղինակները կարծում են, որ օրենքի ժամկետի երկարաձգումը կապահովի սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի բնակիչների շարունակական աջակցություն՝ թույլ տալով նրանց շարունակել օգտվել նախատեսված փոխհատուցումներից և այլ աջակցական ծրագրերից։