Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Բեռնում՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով, որտեղ Իգնասիո Կասիսը հյուրընկալել է իր հայ գործընկերոջը։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների շուրջ։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ինչպես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթացում, այնպես էլ հումանիտար ոլորտում, մասնավորապես՝ Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրման հարցում։

Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։