ՀՀ կառավարությունը հաստատել է որոշում, որի համաձայն «ՖՈՒԴ ԴԵՊՈ» ՍՊԸ-ին (Food Depot LLC) տրամադրվում է 31.5 մլն դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություն։ Այս արտոնությունը նախատեսվում է կիրառել ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի նկատմամբ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում։ Ներմուծումները կիրականացվեն 2026 թվականի փետրվարի 18-ից մինչև 2027 թվականի փետրվարի 17-ը ներառյալ։
Ներդրումային ծրագրի նպատակն է կիսաֆաբրիկատների արտադրությունն իրականացնել Երևան քաղաքում՝ ամերիկյան Վենդիս արագ սննդի ցանցի համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։ Նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել 210 մլն դրամ ներդրում հումքի ձեռքբերման համար և 187 մլն դրամ կապիտալ ներդրում։ Ընկերությունում ներկայում աշխատում է 62 աշխատող՝ միջին 220 հազար դրամ աշխատավարձով։ Ծրագրի ավարտին նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 64-ի՝ պահպանելով նույն միջին աշխատավարձը։ Այսպիսով, ավելի քան 397 մլն դրամ ընդհանուր ներդրման դիմաց ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ։
ՀՀ կառավարության որոշումը հանգեցրել է լուրջ հարցերին՝ կապված ներկայացված տեղեկատվության ճշգրտության հետ։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) արձանագրությունների համաձայն՝ «ՖՈՒԴ ԴԵՊՈ» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2023 թվականի մարտի 30-ին, գործում է հարկման ընդհանուր համակարգում և ունի 58 հարկման բազա ունեցող վարձու աշխատող։ Ընկերության 2024 թվականի հարկման բազա ունեցող աշխատողների միջին ամսական թվաքանակը կազմել է 57, իսկ 2025 թվականինը՝ 61։
ՊԵԿ-ն նշում է, որ ընկերության կողմից նախագծին կից ներկայացված փաստաթղթերում 2024-2025 թվականների մասով լրացված տեղեկատվությունը չի համընկնում հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ։ Բացի այդ, 2026 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ընկերությունն ունեցել է պարտավորություններ պետբյուջեի նկատմամբ՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություն։
Ընկերության տնօրենը Հրանտ Գրիգորյանն է։ Սակայն բաց աղբյուրներով վերջնական շահառու սեփականատերերի ամբողջական ցանկը հասանելի չէ։ Հայտնի է միայն, որ «ՖՈՒԴ ԴԵՊՈ» ՍՊԸ-ն կապվում է Connect Group բիզնես խմբի հետ, որը գործում է սննդի արտադրության, ալկոհոլային խմիչքների և HoReCa ոլորտներում։ Այսպիսով, պետությունը մաքսային արտոնություն է տրամադրում ընկերությանը, որը, ըստ ՊԵԿ-ի, ունի հարկային անհամապատասխանություններ և ժամկետանց պարտավորություններ։